ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել են Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:
«Մենք ողջունում ենք միջազգային դատարանի այսօրվա որոշումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի շրջափակումը դադարեցնելու և Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Ուրախ ենք նաև, որ ճշմարտությունը հաղթանակեց, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի հակընդդեմ հայցը», – Twitter-ում գրել է Միրզոյանը։
ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն է տարածել, որով ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումները։
Ըստ ԱԳՆ-ի՝ հիշյալ որոշմամբ դատարանը փաստել է, որ առկա է կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։ Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Արցախի պետնախարար ռուբեն Վարդանյանն էլ շնորհակալություն է հայտնել միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը լայնորեն հրապարակելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի Միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 22-ին, ճանաչել է Լաչինի միջանցքի անարգել աշխատանքի համար միջանկյալ միջոցների անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով դա՝ Բաքուն, ընդհուպ մինչև դատական ատյանի վերջնական որոշումը, պետք է, իր պարտավորությունների համաձայն, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապահովի մարդկանց և տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։