Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 27-ին Երևանում հանդես կգա իր «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, հայտնում է tomsarkgh կայքը։
Ներկայացումը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում և կմեկնարկի ժամը 19:30-ին։ Տոմսերի արժեքը 4000-20 000 դրամ է։
2018 թվականին՝ թավշյա հեղափոխությունից հետո, դերասան, կատակերգու, սցենարիստ և պրոդյուսեր Մարությանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Երևանի քաղաքապետի թեկնածու և ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին նա հեռացվել էր Երևանի քաղաքապետի պաշտոնից՝ մայրաքաղաքի ավագանու գաղտնի քվեարկության արդյունքներով։ Մարությանի իմփիչմենթի գործընթացը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը։ Հրաչյա Սարգսյանն ընտրվել էր Երևանի քաղաքապետ։