ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության անմիջական մասնակցությամբ հանդիպում է կայացել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, հայտնում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
«Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: