«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ միևնույն ժամանակ հեռանկարը փոխելով «կայունից» դեպի «դրական»: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Համաձայն «Standard and Poor’s» գործակալության դիտարկումների՝ վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է Հայաստանի տնտեսության բարձր աճի տեմպերով և տնտեսության ներուժի բարելավման հեռանկարով, պետական բյուջեի ցուցանիշների, պետական պարտքի բեռի և տնտեսության արտաքին դիրքի էական բարելավմամբ, ինչին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մարդկանց և կապիտալի էական ներհոսքը:
Ընթացիկ վարկանիշի վրա դրական ազդեցություն են գործում արտաքին պաշտոնական ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության ողջամիտ շրջանակը, ինչը վերջին տարիներին բազմաթիվ արտաքին ցնցումների պայմաններում օգնել է պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը:
Գործակալության գնահատմամբ առաջիկա ամիսների ընթացքում տնտեսական աճի բարձր մակարդակի, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանը, վճարային հաշվեկշռին և ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերի կառավարելիության պարագայում Հայաստանի սուվերեն վարկանիշը ենթակա կլինի բարձրացման: Ընդ որում՝ այդ գործում ընդգծվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող պահուստային (կանխարգելիչ) ծրագրի կարևորությունը:
Գլոբալ անորոշությունների պարագայում գործակալության կողմից հատուկ ուշադրության են արժանացել 2022թ. Հայաստանի 12.6% տնտեսական աճը, ինչպես նաև կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նշանակալի նվազեցումը, ինչը մեծապես պայմանավորված էր տնտեսական բարձր աճով, բյուջեի՝ պլանավորվածից ցածր դեֆիցիտով և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորմամբ: Գործակալության գնահատմամբ` առաջիկա տարիներին տնտեսական աճի ներուժը մեծ հավանականությամբ կաճի, իսկ պարտքի բեռը կպահպանվի կայուն և կառավարելի մակարդակում:
Գործակալությունն առանձնացրել է նաև Հայաստանի էական կախվածության բացակայությունը էներգակիրների միջազգային բարձր գների ազդեցությունից՝ նշելով Ռուսաստանի Դաշնության հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի առկայությունը: