ԵԱՏՄ երկրների հանրային պալատը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և կողմնակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, մտահոգություն ենք հայտնում հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության միակ հանգուցային ուղու արգելափակման արդյունքում, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք, որով տարածաշրջան են հասցվել կենսական նշանակության ապրանքներ, պարենամթերք և բժշկական օգնություն», – ասված է պալատի հայտարարության մեջ:
Նշվում է, որ բացի այդ, Լեռնային Ղարաբաղում փակվել են գազի մատակարարումները, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում ծանրագույն իրավիճակում հայտնվել է 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա:
Ընդգծվում է, որ այս ամենը սպառնալիք է ստեղծում մարդկանց առողջության և կյանքի համար և խախտում է Ժնևի կոնվենցիաները և 1949 թվականի օգոստոսի 12-ի և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության և միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը: Հայտարարության հեղինակները հիշեցրել են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկու ուղղություններով երթևեկելու համար։
«Մենք՝ ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի մասնակիցներս և աջակիցներս Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, անկեղծորեն մտահոգված ենք ստեղծված ծանր իրավիճակով, որը մոտ է հումանիտար աղետին և դիմում ենք Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին, միջազգային հասարակական և հումանիտար կազմակերպություններին՝ կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը իրավիճակը հումանիտար աղետի չհասցնել և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդվում է պալատի կայքում, «Եվրասիական տնտեսական միության երկրների Հանրային պալատ» միջազգային նախագիծը զարգանում է Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և մի շարք այլ երկրների հասարակական գործիչների նախաձեռնությամբ: ԵԱՏՄ երկրների Հանրային պալատի ձևավորման մասին ազդարարումը տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 22-ին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: