Հայաստանի ազգային հավաքականի և կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչները և ավագները մասնակցել են FIFA The Best տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և դարպասապահի քվեարկությանը և ընտրել են իրենց կարծիքով լավագույններին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում ընտրել է Կիլիան Մբապեին, Լիոնել Մեսսիին և Ռոբերտ Լևանդովսկուն՝ համապատասխանաբար նշելով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներում։ Պետրակովի կարծիքով լավագույն մարզիչներն են Կառլո Անչելոտին, Լիոնել Սկալոնին և Դիդիե Դեշամը, իսկ լավագույն դարպասապահի կոչման համար նա նշել է Էդերսոնին, Տիբո Կուրտուային և Ալիսոն Բեքերին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի կարծիքով լավագույն ֆուտբոլիստներն են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Լուկա Մոդրիչը։ Լավագույն մարզիչ անվանակարգում նա նշել է Կառլո Անչելոտիին, Լիոնել Սկալոնիին և Դիդյե Դեշամին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում նա նշել է Էմիլիանո Մարտինեսին, Տիբո Կուրտուային և Յասին Բունուին։
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը լավագույն ֆուտբոլիստուհի անվանակարգում նշել է Սեմ Քերին, Ալեքսիա Պուտեյասին և Բեթ Մեդին։ Լավագույն մարզիչ անվանակարգում՝ Սարինա Վիգմանին, Մարտինա Վոս-Թեքլենբուրգին և Սոնիա Բոմպաստորին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում՝ Մերլե Ֆրոմսին, Քրիստիան Էնդլերին և Մերի Էրփսին։
Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինի կարծիքով լավագույն ֆուտբոլիստուհիներն են Ալեքսիա Պուտեյասը, Բեթ Մեդը և Ալեքսանդրա Պոպը։ Լավագույն մարզիչ անվանակարգում նշել է Սարինա Վիգմանին, Մարտինա Վոս-Թեքլենբուրգին և Սոնիա Բոմպաստորին, իսկ լավագույն դարպասապահ անվանակարգում՝ Մերի Էրփսին, Սանդրա Պանոսին և Ան-Կատրին Բերգերին։
FIFA The Best մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին, որտեղ ՖԻՖԱ-ն կամփոփի 2022-ը և կհայտարարի տարվա լավագույններին։