«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խոսել է տարածաշրջանային նոր էսկալացիայի սպառնալիքի մասին։
Նա նշել է, որ ադրբեջանական քարոզչական ալիքները նախորդ օրը երկու լուր են տարածել. նրանցից մեկը, վկայակոչելով անանուն աղբյուր, խոսում է մոտ ապագայում նախապատրաստվող Սյունիքի վրա հարձակման, իսկ երկրորդը՝ Ռուսաստանի վերահսկողությամբ Հայաստանի կողմից ադրբեջանական խողովակաշարերին հարվածելու մասին։
Թեման ավելի հստակ ուրվագծեր է ստանում, եթե հիշենք ադրբեջանական քարոզչության հիմնական խոսափողներից մեկի կողմից մի քանի շաբաթ առաջ հրապարակված «վերլուծական» նյութը, համաձայն որի Հայաստանն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում Ադրբեջանի դեմ, նշել է Աբրահամյանը։
«Տարածաշրջանային էսկալացիայի նոր պատուհան է բացվում, և այստեղ հիմնական հարցն այն է, թե ինչպես են դրան դիմակայելու Հայաստանի իշխանությունները։ Հարցն, իհարկե, հռետորական է, քանի որ այս իշխանությունն իր քաղաքականությամբ Հայաստանին ներքաշում է տարատեսակ հակամարտությունների մեջ՝ առկա սպառնալիքներին դիմակայելու փոխարեն։ Մեր շուրջը ձևավորվում է վտանգավոր միջավայր, որը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի և Արցախի համար»,- գրել է պատգամավորը։