ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով և, մասնավորապես, ակտիվիստ, իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի ձերբակալությամբ։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն հետևել կոչերին և չեն ազատել Հաջիևին, այլև երկարացրել են նրա պատիժը ևս երկու ամսով, Փրայսը նշել է, որ սա այն դեպքն է, երբ իրենք ուղղակիորեն համագործակցել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։
«Ամբողջ աշխարհում մենք խոսում ենք համընդհանուր իրավունքների մասին։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ համընդհանուր օրենքը վտանգի տակ է, լինի դա համակարգված, թե կոնկրետ դեպքերում, մենք չենք վարանում արտահայտել մեր մտահոգությունը։ Մենք այդ մտահոգությունները հրապարակայնորեն բարձրաձայնել ենք, ինչպես նաև մասնավոր կերպով բարձրաձայնել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է Փրայսը:
Հաջիևը, որը ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին «խուլիգանության» և «դատարանի արհամարհանքի» մեղադրանքով, հացադուլի մեջ է ավելի քան 50 օր և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։