«Նոր Զովք»-ի հարկային չարաշահումների գործով ձերբակալվել է 4 անձ: Այս մասին հաղորդել է Քննչական կոմիտեն:
«Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ն, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար կներկայացվեն դատարան։
«Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով թաքցրել են հարկման օբյեկտը։
Նրանք ներգրավել են ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ:
Առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ, իսկ իրական գումարները կուտակվել են սերվերում:
Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2.205.858.586 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և 1.921.752.578 ՀՀ դրամ շահութահարկ: