Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը մեկնաբանել է Բաքվի կողմից Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթացի նախաձեռնումը:
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները ոչ մի ընդհանուր բան չունեն էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ, որոնք կապված են էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ:
Հայաստանի ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել արբիտրաժ սկսելու միջոցով իր օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի փորձերի կապակցությամբ: Ընդգծվել է, որ խարտիայի նման չարաշահումները խախտում են դրա կողմերի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են նրան, որ խարտիան գործի իր նպատակներին համապատասխան:
Հայկական կողմը հիշեցրել է, որ Ադրբեջանը արբիտրաժի մասին ծանուցում է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որը Բաքվին պարտավորեցրել էր ազատ տեղաշարժեր ապահովել Լաչինի միջանցքով:
«Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել», – հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բաքվի գործողությունները չեն խախտի Հայաստանի հավատարմությունը էներգետիկ խարտիային, խարտիային նվիրված խորհրդաժողովի աշխատանքներին, ինչպես նաև էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խրախուսմանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն նախաձեռնել է միջպետական արբիտրաժային գործընթաց Հայաստանի դեմ: Ադրբեջանական կողմի տվյալներով՝ գործընթացը սկսվել է Էներգետիկ խարտիայի պայմանագրին համապատասխան և վերաբերում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի հիդրոէներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործմանը» 1991-2020 թվականներին: