Արդարությունը Հաագայի դատարանում հաղթեց, բայց միայն թղթի վրա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը:
«Դատարանի միջանկյալ միջոցն, իհարկե, սպասելի էր և արդար, հակառակը դժվար էր պատկերացնել, սակայն մենք ունենք լրջագույն մի խնդիր, կա կայացված միջանկյալ միջոց, որը պարտադիր կատարման է ենթակա, բայց չի կատարվում, և չկա որևէ ազդեցություն, լծակ, որ մենք կարողանանք Ադրբեջանին պարտավորեցնել կատարել այդ որոշումը»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ մեր թույլ կողմը միջազգային հանրության հետ աշխատանքն է:
Թովմասյանը գտնում է, որ առաջիկայում դատարանի սպասվող վճռի մասին չպետք է լինեն խորը սպասումներ, որ այն մեր օգտին կաշխատի:
«Այո, լավ է, որ կայացվելու է, բայց մի սպասեք, որ կատարվելու է։ Այսինքն՝ այդ սին հույսերը, որ տարբեր օղակներով մեր հասարակությանը իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են, թե արդարությունը հաղթեց, այո՛, արդարությունը հաղթեց թղթի՛ վրա»,- ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին դիմել է, պահանջել, խնդրել, որպեսզի պարտավորեցնեն Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։
Մանրամասները՝ տեսանյութում։