ՊՆ նախկին շենքից վտարված քաղաքացիները մուտք են գործել Կառավարություն, նրանց ընդունել են ու լսել խնդիրը։ Հանդիպումից հետո շենքի բնակիչները լրագրողներին ասել են, որ չգիտեն, թե ով է իրենց ընդունել, սակայն հայտնել են նրանց իրենց պահանջը։ Այն է՝ թույլ տալ վերադառնալ իրենց բնակարաններ, մինչև հարցը որևէ լուծում ստանա։
«Ինձ մոտ տպավորություն էր, որ քաղաքական ճաշակ ճշտելու վիճակ էր: Գործին չվերաբերող բաներ էին ասում, կարծես ինչ-որ բան էին շոշափում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցին, թե ինչով են առաջարկել օգնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պատասխանեց․
«Սոցապ նախարարությունը ոչ մի բան չի արել, աշխատակիցը եկել է երկրորոդ օրը, բերել է 13 բանալի։ Չգիտես ինչու են բերել 13 բանալի, երբ գիտեն, որ 117 բնակարան կա շենքում»։
Շենքի նախկին բնակիչը նշեց, որ նախարարությունից եկած աշխատակիցները իրենց պահել են ՊԵԿ-ի փաստաբանի նման:
«Ասում եմ՝ քեզ ավելի շատ պետք է հետաքրքրի 5-6 ամսական երեխան կաթ կերե՞լ է, թե՞ ոչ, քան ասես՝ դուք այստեղ չպետք է մտնեք: ՄԻՊ-ի գրասենյակը վերջնականորեն գոյություն չունի: 4-րդ օրը նոր կարողացել ենք վրան դնել։ 100-ից ավել ընտանիք փետրվար ամսին դուրսը նստած լինի․․․»,- ասաց նա՝ նշելով, որ ոմանց հարազատներն են ժամանակավոր կացարան ապահովել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: