Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կկայանան Բաքվում, Գյանջայում, Աղդամում, իրականության հետ առնչություն չունեն։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
Արցախյան կողմը հանդես է գալիս միջազգային ձևաչափով բանակցային գործընթացի վերականգման օգտին, որտեղ Արցախը հանդես կգա որպես բանակցային գործընթացի լիիրավ անդամ։ «Ամենից կարևորը, որ նման բանակցային գործընթացում մեր կողմից Արցախի օրինական ձևով ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցն է նշվում»,- հայտարարել է նա։
Պաշտոնյան հայտարարել է, որ կայացած հանդիպմանը քննարկվել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, էլեկտրական հոսանքի հնարավոր խափանման վայրում հայկական կողմի աշխատանքներ իրականացնելը, Կաշենի և Դրմբոնի հանքեր ադրբեջանական մոնիտորինգային խմբի այցելության հարցը: Սակայն նախնական ռեինտեգրացիայի մասին քննարկում չի եղել, ինչպես Ադրբեջանն էր հայտարարել:
Հայկական կողմը նախնական համաձայնություն է տվել Ադրբեջանի պահանջին՝ պայմանով, որ գործարանի աշխատանքը կվերականգնվի, իսկ հակառակ կողմը դեռ չի հայտնել իր կարծիքը:
Նախարարը շեշտեց, որ սրանք քաղաքական բանակցություններ չեն ու չեն կարող այդպիսին լինել, դրանք լոկ հումանիտար տեխնիկական հարցերի քննարկման հանդիպումներ են:
Արցախի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ողջունում է բոլոր միջնորդական ջանքերը, որոնք միտված են ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Նա հայտնել է, որ փետրվարի 26-ին և մարտի 1-ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները. նախորդ նմանատիպ հանդիպումները մշտապես տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Ինչ վերաբերում է տեխզննման սարքերի գոյությանը և տեղադրմանը, ապա արցախցի պաշտոնյան նշեց, որ իրենց դիրքորոշումն այն է, որ ադրբեջանական կողմն այդ տեխզննող սարքերից չպետք է որևէ տեղեկություն ստանա, իսկ ռուսական կողմի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը։
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Արցախի քաղաքական կարգավիճակին վերաբերող հարցեր չեն քննարկվել մարտի 1-ին Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները մարտի 1-ին անցկացրել են շաբաթվա երկրորդ հանդիպումը։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների նախորդ հանդիպումը ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ տեղի է ունեցել փետրվարի 24-ին։