Սյունիքի մարզում «Հրապարակ»-ի պաշտոնական աղբյուրը հայտնել է, որ մի շարք հասարակական կառույցներն ու հայաստանյան գործընկեր ՀԿ-ները տարբեր համայնքներում նոն-ստոպ ռեժիմով դասընթացներ են իրականացնում: Քննարկումները հիմնականում վերաբերում են բնակչության տարհանման պլաններին, ապաստարանները կարգի բերելուն, բնակֆոնդին եւ այլ հարցերի։
«Այս ակտիվությունը սյունեցիների մոտ մտահոգություններ է առաջացրել, որ Արցախի վերջնական կապիտուլյացիայից առաջ միջազգային հանրությունը պատրաստում է Սյունիքը, որպեսզի մարզը կարողանա ընդունել փախստականների»,- գրում է թերթը և հավելում, որ առավել լավատեսները հավատում են, որ այս պատրաստությունները ոչ թե Արցախի հետ են կապված, այլ Իրանի: Իբրև առաջիկայում աշխարհաքաղաքական սրացումների հետեւանքով Սյունիքը կարող է իր հարկի տակ իրանցի փախստականների ընդունել։
Նշենք, որ պատերազմից հետո Սյունիքի մարզը հայտնվել է միջազգային պաշտոնյաների եւ կառույցների ուշադրության կենտրոնում: Շուրջ 2 տարի է՝ տարբեր պաշտոնյաներ, դեսպաններ են այցելում մարզ, իսկ վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։ Մարզում իրականացնում են «Աղետների ռիսկերի կառավարման» թեմայով ծրագրեր։