Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել՝ անթույլատրելի համարելով շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, հայտնում է Արցախի կառավարությունը։
«Վերջին օրերին անձամբ ինձ և պետնախարարի աշխատակազմ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել ապրանքային շուկաներում անվերահսկելի վիճակի և չհիմնավորված թանկացումների վերաբերյալ: Մեր նախնական ուսումնասիրութուններից ելնելով, նշեմ, որ այդ բողոքները տեղին են»,- ընգծել է նա։
Արցախի պետնախարարի խոսքով՝ այս ամենի արդյունքում լուրջ վտանգներ է ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Նա ընդգծել է, որ հատկապես առկա ծանր պայմաններում բևեռացումը՝ հարուստի և աղքատի, հնարավորություն ունեցողի ու չունեցողի տարբերակումը, լուրջ հարված է հասցնում ներքին կյանքին:
«Շուկայական հարաբերությունների և հատկապես գների կարգավորման ամբողջ գործընթացը պետք է արագ բերենք իրավական դաշտ, որպեսզի չարամիտ տնտեսվարող սուբյեկտները պարտադիր ենթարկվեն տույժի: Միաժամանակ պետք է հասնել այնպիսի կարգավորումների, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները որևէ կերպ չտուժեն, ավելին, մենք ունենանք նրանց խրախուսելու հնարավորություն»,- ասել է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ու պատասխանատուներին հանձնարարել է նախագծել համապատասխան իրավական ակտը, այն ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո հարկ է արագ իրազեկել հանրությանն ու անցնել դրա կիրառումը ամենժամյա վերահսկելու գործին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: