Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը և Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել են «The PALACE» կարճամետրաժ կինոյի բուլղարական միջազգային փառատոնի պաշտոնական մրցույթում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Այս երկու ֆիլմերը «ОШКИ ФИЛМ» կինոընկերության արտադրությունն են։
12 րոպեանոց «Կապույտի միջով» ֆիլմը պատմում է Անուշի մասին, որը լքել է Հայաստանը՝ փախչելով ընտանեկան խնդիրներից։ Տարիներ անց նա վերադառնում է հայրենիք՝ ստիպված թողնելով իր կյանքի միակ պատճառը այլ երկրում։
«Թռչող տերևների երգը» նույնպես 12 րոպեանոց ֆիլմ է, որը պատմում է դեպի երազանք ճանապարհորդության մասին, անտառում ապրող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքներով երկհարյուրամյա ծերունու հանդիպման միջոցով: Ֆիլմը կանդրադառնա հոր և դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և երիտասարդի բարեկամության մասին մտորումների հավերժական թեմաներին և այլն:
Փառատոնն ունի Ամերիկյան կինոակադեմիայի որակավորում։
IN the PALACE միջազգային կինոփառատոնը միջազգային փառատոն է, որը նվիրված է կարճամետրաժ կինոյին և թվային արվեստին, ինչպես նաև ներկայացնում է հատուկ մրցութային ծրագրեր լիամետրաժ ֆիլմերի և սերիալների համար: Այն տեղի կունենա Բուլղարիայում՝ Պեռնիկ քաղաքում։