ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը հայտարարել է, որ իր ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը, չի անցնի մտավոր ունակությունների ստուգման թեստ և «ծիծաղելի» է բարձր պաշտոններ զբաղեցնող տարեց մարդկանց նման սադրանքների ենթարկելու գաղափարը, հայտնում է РИА Новости-ն։
«Ծիծաղելի է… Մենք դա չենք էլ քննարկի»,- ասել է 80-ամյա Բայդենի կինը։
Նախագահն անընդհատ հասկացնում է, որ պատրաստվում է առաջադրվել երկրորդ ժամկետով, սակայն չի շտապում պաշտոնական հայտարարություն անել։
«Քանի՞ 30 տարեկան կարող է գնալ Լեհաստան, գնացք նստել, ևս ինը ժամ ճանապարհորդել, ժամանել Ուկրաինա և հանդիպել նախագահ Զելենսկիին։ Նայեք այս մարդուն, տեսեք, թե նա ինչեր է անում»,- ասել է Ջիլ Բայդենը՝ պատասխանելով հարցին, որ ամուսինը պոտենցիալ երդմնակալության օրը կլինի 82 տարեկան, իսկ հնարավոր երկրորդ ժամկետի ավարտին` 86:
Հավելենք, որ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիկի Հեյլիին առաջարկել է, որ 75 տարեկանից բարձր նախագահի բոլոր թեկնածուները և բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ունակությունների ստուգման թեստ անցնեն։