Մարտի 7-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 14 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր վնասվածքներ և տեղափոխվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունը մանրամասնում է, որ նրանցից 1-ը հետազոտվել և դուրս է գրվել: Ներկա պահին 13-ն ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն: Տուժածներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 9-ը` միջին ծանրության, 1-ը` բավարար:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
«Նախնական տվյալներով՝ երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և BMW մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- հայտնել է Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Մոնթե Մելքոնյան-Իսակով պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, որը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։