Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն։
Նա փոխանցմամբ՝ Վաշինգտոնը գտնում է, որ պատժամիջոցները կխանգարեն «խաղաղության» գործընթացին։ «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,-նշել է Բոնոն։
Նա ընդգծել է նաև, որ այս գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, այլ խաղաղությունը հեշտացնելը: «Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից»,-հայտարարել է Բոնոն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։