Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Օդամղիչ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց կանանց պայքարում Էլմիրան խոցելով 577 միավոր՝ 59 մասնակցից 3-րդ հորիզոնականով անցել է կիսաեզրափակիչ: Այստեղ արդեն խոցելով 250.0 միավոր՝ նա պահպանել է իր դիրքերը և դարձել է բրոնզե մեդալակիր։
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 8 մարզիկով։ Մեծահասակների կազմում մրցավայր են մեկնել նաև Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ) և Զավեն Իգիթյանը (ատրճանակ), իսկ երիտասարդներից մեդալների համար կպայքարեն Գագիկ Նիկողոսյանը, Վրեժ Թորոսյանը (հրացան), Գոռ Մանուչարյանը, Արմեն Գևորգյանը և Գրիգոր Պողոսյանը (ատրճանակ):
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է մարզիչներ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ։