Այսօր ստացվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 8-ի դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Ըստ փորձաքննության եզրակացության հետևությունների՝ զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով (շմոլ գազ) և այրվածքային շոկից»,-հայտնում է Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ըստ Նարիկյանի՝ փորձաքննության ենթարկված 8 զոհված զինծառայողների մոտ թմրանյութեր և հոգեմետ նյութեր չեն հայտնաբերվել։
«Զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումից և եզրակացությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնարավորինս սեղմ ժամկետում հանդես կգանք հայտարարությամբ ու կներկայացնենք տուժող կողմի դիրքորոշումներն ու անելիքները»,-հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։