ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին պարզ է դառնում ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Լուրերին» ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարաքը պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է, որ մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն, չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
«Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին»,-ընդգծել են ՆԳՆ ոստիկանությունում։
Անրդադառնալով Ոստիկանության հաղորդագրությանը, փաստաբան Ռաֆֆի Ասլանյանն իր Facebook-յան էջում գրել է, որ ՀՀ ոստիկանությունը փորձել է արդարացնել պարեկների գործողությունները։
«Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ավտոմեքենան «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկների հետ զրույցում արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։ Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»-գրել է փաստաբանը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։