Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մարտի 9-ին այցելել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշաժից տուժած Լաթաքիա քաղաք և հայաբնակ Քեսաբ բնակավայր։
Ինչպես հայտնում են Սիրիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ դեսպան Գևորգյանը հանդիպումեր է ունեցել սիրիահայ համայնքի տեղի կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկրաշարժից հետո սիրիահայ համայնքի առջև ծառացած խնդիրները:
Հայաստանի դեսպանը Քեսաբի Հայ Կաթողիկե Բարեհուսո, Ավետարանական Նահատակաց Միացյալ, Ազգային Ուսումնասիրած դպրոցների և Լաթաքիայի Ազգային նահատակաց դպրոցի տնօրինություններին է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սիրիահայ դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: