Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Իր ուղերձում Սամվել Ավետիսյանը տեղեկացրել է, որ ստանձնած պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ առանց իրեն տեղեկացնելու։
«2022թ․ ստանձնելով Առողջապահության նախարարի պաշտոնը՝ համոզված էի, որ Արցախում առաջնորդվում են «Իմ թիմն իմ ժողովուրդն է» կարգախոսով, սակայն եթե չեն ցանկանում աշխատել քեզ հետ, դա պետք է ասվի ուղիղ՝ առանց այլևայլությունների, հարգելով դիմացինին։ Ինչպես ինձ, այնպես էլ մյուսների համար նման երևույթն անընդունելի է»,- ասել է Ավետիսյանը։
Նա հավելել է՝ ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ իր հետ, դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ։
Հավելենք, որ Սամվել Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին։