Իրանը երկար ժամանակ չարամիտ գործողություններով է զբաղվում Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը սպառնում է իր հարևաններին և՛ մոտ, և՛ հեռու, ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանին իրանական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպը։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում այս բնույթի լարվածությանը: Մեր մոտեցումը եղել է ներդրումներ կատարել Ադրբեջանի և Հայաստանի հետ մեր համագործակցության մեջ, որպեսզի Հարավային Կովկասում կայունություն հաստատվի և տարածաշրջանում ավելի քիչ հակամարտություններ լինեն»,- ասել է Փրայսը:
Մարտի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայտարարել էին, որ իրանական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում՝ պետական սահմանի վրայով՝ առանց ադրբեջանական կողմին նախնական ծանուցման։ Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին հանձնել։
Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ ինքնաթիռը չի հատել Ադրբեջանի սահմանները։ «Ինքնաթիռը եղել է հանրապետության օդային տարածքում, թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա։ Նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են Իրանի սահմանամերձ շրջանների և երկրի տարածքում մոնիթորինգի շրջանակներում»,- ասել էր Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։