ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Լաչինի միջանցքի շրջափակումն անվանել է անօրինական և հորդորել է Ադրբեջանի նախագահին անհապաղ բացել այն: Այս մասին նա խոսել է Ջերմուկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ բացել Լաչինի միջանցքը, պարտադիր է: Դրանով պարտադրվել է Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով և հասանելիությունը ԼՂ»,- ասել է նա՝ հավելելով, որ հստակ ուղերձ է հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին և ասում՝ դադարեցրու շրջափակումը անհապաղ:
Ռասմուսենը հայտնել է, որ հանդիպել է մարդկանց հետ, ովքեր ապրել են Ղարաբաղում և նրանք իրեն պատմել են այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է ԼՂ-ում: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է առավել մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:
«ԵՄ-ն Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտի համաձայնության է եկել, որը կարող է օգտագործել որպես հարթակ՝ կրիտիկական իրավիճակում Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ խոսում է ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Համագործակցությունը ԵՄ-ի հետ կներառի նաև անվտանգության թեմայով երկխոսություն:
«Ռազմաքաղաքական աջակցության մասին ակնկալիք Հայաստանն ընդհանուր առմամբ հայտնել է: Սակայն մանրամասն չենք քննարկել ռազմական համագործակցության եզրեր»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը:
Նա կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը՝ խաղաղության պայմանագրի համատեքստում:
«Այդ իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք որոշակի միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի և կմշակի դա»,- նշել է Ռասմուսենը և հավելել, որ կատարյալ կլիներ ՄԱԿ մանդատը վայելող խաղաղապահ կոնտինգետի ներկայությունը տեղում:
Նշենք, որ լրագրողների հետ հանդիպումից առաջ Ռասմուսենը այցելել է Լաչինի միջանցք, հանդիպել Գորիսում ապաստանած ղարաբաղցիներին, որոնք պատմել են նրան ԼՂ-ում տիրող «կրիտիկական իրավիճակի» մասին:
Քաղաքական խորհրդատվական Rasmussen Global կազմակերպության հիմնադիր, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը մարտի 13-ին ժամանել է Հայաստան։ Նույն օրը նա հանդիպել է վարչապետ Փաշինյանի և պաշտպանության նախարար Պապիկյանի հետ և նրանց հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։