Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությամբ 4-րդ անգամ երկարացվել է փետրվարի 27-ին: Այս մասի Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ դատարանի որոշմամբ՝ Արզումանյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս՝ մինչև ապրիլի վերջ:
«Ապրիլի վերջ կլինի ժամկետների հետ կապված խնդիր: Այդ ժամանակ, եթե լինեն հիմքեր, որոշում կկայացվի՝ միջնորդության կարիք կա՞, թե ոչ»,- ասաց Աբրահամյանը: Նշենք, որ Արզումանյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, «որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և հայկական ստորաբաժանումները կորուստներ են կրել»։
Հիշեցնենք, որ երեկ տված մամուլի ասուլիսի ժամանակ Armenia Today-ի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն։ «Այսօրվա դրությամբ ԶՈւ-ի ավելի քան 50 զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Մենք ունենք կալանքի տակ բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով»,- ասել էր վարչապետը՝ նշելով, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ է ընկել Շուշին: