ՊՆ նախկին շենքը ՊԵԿ-ը կվերածի Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի՝ 1 500 աշխատակիցներով: Այս մասին Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ-ը:
Նշված է, որ կենտրոնի տարածքում կկառուցվեն վարչական շենքեր ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների համար: Գերատեսչությունից պարզաբանել են, որ կենտրոնի կառուցումը բխում է 2021 թվականի ռազմավարությունից, որով նախատեսված է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված սպասարկման կենտրոնների ստեղծում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ: ՊԵԿ-ը նախատեսում է այդպիսով «իրականացնել ամբողջական ձևակերպում ու բացթողում»:
Ինչ վերաբերում է ՊԵԿ հաստիքացուցակին, ապա աշխատակիցների թվաքանակի ավելացում վերջին տարում չի եղել: Եթե 2021 թվականի հունվարին առավելագույն հաստիքացուցակը 3 269 է եղել, ապա 2021 թվականի դեկտեմբերին այդ թիվը կազմել է 3 217: 2022 թվականին վարչապետի որոշմամբ հաստիքացուցակը կազմել է նույնքան՝ 3 217 աշխատակից:
Նշենք, որ հիշյալ շենքը ՊՆ նախկին վարչական շենքն է եղել, որը ՊԵԿ-ին ամրակցվել է 2022 թվականի մայիսի 5-ի կառավարության որոշմամբ:
Մինչ այդ շենքում բնակություն էին հաստատել անտուն ընտանիքներ, այդ թվում՝ ազատամարտիկների, թեև շենքը չունի բնակելիի կարգավիճակ:
Փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են տներից՝ ասելով, որ անօրինական են բնակվում: Շենքի հարակից տարածքում բողոքի ակցիա իրականացնող վտարված բնակիչներին նույն օրն այցելել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն, ինչպես բնակիչներն են պատմում, 150 ընտանիքի համար բերել են ընդամենը 13 բանալի: Սակայն նշված հասցեները կամ չեն հայտնաբերվել, կամ արդեն զբաղցեված են եղել:
Մինչ օրս տունը կորցրած քաղաքացիները գիշերում են շենքի հարակից տարածքում տեղակայված վրանների մեջ: Նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներով հավաքվում են կառավարության և ՊԵԿ շենքերի մոտ: Քաղաքացիներին երկու անգամ ընդունել են կառավարության աշխատակիցները: Սակայն ՊԵԿ նախագահի հետ հանդիպում այդպես էլ չի կայացել: Նրանց պահանջն այն է, որ ՊԵԿ շենքը բնակելիի կարգավիճակ ստանա ու իրենք շարունակեն ապրել այնտեղ անժամկետ: Ավելի ուշ, արձագանք չստանալով, ՊՆ նախկին շենքից վտարված քաղաքացիները պահանջել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը: