Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ведомости»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության, ռուսաստանցիների ռելոկացիայի ծավալների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության նոր իրողություններում Հայաստանի հեռանկարների մասին:
Ռուսաստանից Հայաստանում հաստատված ավելի քան 100 հազար ռելոկանտների մասին
Քերոբյանը տեղեկացրել է, որ մոտ 108-110 հազար ռուսաստանցիներ Հայաստան են ժամանել 2022 թվականին և մնացել մշտական բնակության։ «Անցյալ տարի ռուսական մասնակցությամբ բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական կազմակերպություն, 4 հազար անհատ ձեռնարկատեր։ Միջին հաշվով ռուսաստանցիները տարեկան 500 բիզնես են բացում»,- նշել է նախարարը։
Մասշտաբներով այդ ընկերությունները, Քերոբյանի խոսքով, բազմազան են։ Ոմանց մոտ աշխատակազմը հասնում է 600-700 աշխատակցի, մյուսներում աշխատում է մեկ մարդ։ «Հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը հայկական բանկային համակարգ անցյալ տարի կազմել է 3 մլրդ դոլար», – ընդգծել է նա: Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս բոլոր գործոններն ապահովել են երկրի ՀՆԱ-ի ընդհանուր աճի մոտավորապես մեկ քառորդը։ «12,6%-ից ռելոկացիան ստեղծել է ավելի քան 3 տոկոսային կետ»,- պարզաբանել է Քերոբյանը։
Ռուսաստանն ու Հայաստանը հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից
Քերոբյանը հայտնել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով ու եվրոյով հաշվարկներից։ «Այդ պատճառով առաջին պլան է մղվում ռուբլի – դրամ զույգի հարաբերակցության հարցը։ Ռուսական արժույթը չափազանց անկայուն է, ինչը զգալիորեն սահմանափակում է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը»,- ասել է նա։ Նախարարը պարզաբանել է, որ անցած տարվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է 18 տոկոսով, և ընդհանուր առմամբ այդ մակարդակը պահպանվում է։ «Կանխատեսելիության տեսանկյունից հայկական արժույթն այժմ ավելի նախընտրելի է թվում, սակայն հասկանալի պատճառներով երկկողմ առևտրում դրա օգտագործման ներուժը սահմանափակ է»,- նշել է նա:
Նա հիշեցրել է, որ փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։
Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության մասին
Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն տնտեսական գործընկերն է, և առանց ազատ առևտրի նրա հետ շատ դժվար է ավելի լավ բանի հույս ունենալ: «Բացի այդ, Հայաստանը ԵՏՄ անդամ է, ուստի մենք սկզբունքորեն չենք կարող աջակցել պատժամիջոցներին», – ասել է նա:
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին մի քանի հայկական ընկերություններ հայտնվել են երկրորդային պատժամիջոցների տակ։ «Բայց մեր բանկերը սահմանափակումների առաջին իսկ օրվանից ուժեղ զտիչ են տեղադրել հաշիվներ բացելու և հաշվարկներ կատարելու համար, ինչ-որ իմաստով գործել են նույնիսկ չափազանց կոշտ: Եվ դա այն է, ինչ տեղի է ունենում»,- ասաց նա: Մենք շփվել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր բիզնեսների հետ, որոնք դժվարություններ են ունեցել, բայց արդյունքում նրանց հաջողվել է գտնել բանկ, որը պատրաստ է նրանց սպասարկել»,- պարզաբանել է նա։
Երկրների միջև հաշվարկների հետ կապված դժվարության մասին
Քերոբյանը հավաստիացրել է, որ տեխնիկական տեսանկյունից երկրների միջև հաշվարկների հետ կապված խնդիրներ գրեթե չկան։ «Այն բանից հետո, երբ ռուսական բանկերը անջատեցին SWIFT-ից, հայկական կազմակերպությունները սկսեցին միանալ Ռուսաստանի բանկից փոխանցումների համանման գործիքին՝ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին», – ասել է նախարարը: Այժմ արդեն բոլոր բանկերը միացել են դրան, եթե չհաշվենք մի քանի արտասահմանյան կառույցների. «Ներկայիս պայմաններում գլխավոր բարդությունը վճարումների տեխնիկական անցկացումը չէ։ Դրանից շատ ավելի է մեզ հուզում, թե ինչ փոխարժեքով է իրականացվում առևտուրը»,- ասել է նա։
Քերոբյանի խոսքով, ռուսական և հայկական բանկերի միջև ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը անցյալ տարի անվանական արտահայտությամբ աճել է ավելի քան 4 անգամ և կազմել 3,6 մլրդ դոլար: «Դրանք հիմնականում իրականացվել են Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգի միջոցով: Այժմ, ինչպես գիտեք, մեր Կենտրոնական բանկերն աշխատում են վճարումների լրացուցիչ մեթոդների ստեղծման ուղղությամբ։ Մասնավորապես, փորձարկվում է արագ վճարումների համակարգի օգտագործումը։ Որքան ես հասկանում եմ, խոսքը հայկական ArCa-ի հետ ռուսական համակարգի ինտեգրման մասին է։ Բացի ֆիզիկական անձանցից, դրանից կկարողանան օգտվել նաև ընկերությունները»,- պարզաբանել է նա։
Խոսելով ռուսական «МИР» քարտի մասին՝ նախարարը նշել է, որ հայկական բանկերն ինքնուրույն են որոշում՝ սպասարկել իրենց ռուսական քարտերը, թե ոչ։ Նրա տեղեկություններով՝ առայժմ ոչ ոք նրանցից չի հրաժարվել, եթե կրկին չհաշվենք օտարերկրյա կազմակերպությունները, օրինակ՝ HSBC-ն։ «Ես ռուսական ԶԼՄ-ներում կարդացել եմ, թե իբր բողոքներ են հայտնվել «МИР»-ին չընդունելու վերաբերյալ։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ փորձում եմ հետևել իրավիճակին և առայժմ նման խնդիրների մասին չեմ լսել։ Լինում են պրոցեսինգի խափանումներ, բայց այդ ժամանակ դժվարություններ են առաջանում ոչ միայն «МИР»-ի, այլև հայկական քարտերի վճարման հետ կապված»,- եզրափակել է Քերոբյանը։