Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով։ Այս մասին Եվրոպայի առաջնության հետհաշվարկի արարողակարգի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով մանրամասներ։
«Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մարտի վերջին 3 օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պիտի դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա։ Եթե այդ գրանցումը կատարեն և գումարը փոխանցեն, դա կլինի վերջնական հայտ և Ադրբեջանի հավաքականը, այո՛, կմասնակցի այդ առաջնությանը»,- ասաց Գիլոյանը։
ԿԳՄՍ փոխնախարարն ուրախությամբ հայտնեց, որ Երևանը դառնում է նման խոշոր միջոցառման ընդունող երկիր, և դա պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար՝ հզորների հետ հավասար նման միջոցառում անցկացնել։
«Առաջնության կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են՝ առանց գրաֆիկի խախտման։ Ֆանտաստիկ բացման արարողություն ենք ունենալու, այնպիսին է լինելու, որ նույնիսկ ծանրամարտի աշխարհի առաջնությունների ժամանակ չի եղել։ Ամեն ինչ անելու ենք՝ ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց Գիլոյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Եվրոպայի առաջնությունից հետո անկախ մարզաձևից ամբողջ աշխարհը խոսելու է հենց այս առաջնության մասին։
Հյուսիսային պողոտայում բացվեց Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետհաշվարկի ժամացույցը: Առաջնության խորհրդանիշն է մուֆլոնը։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: