Հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի նորընծա փոխչեմպիոն, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության արդյունքներն ամփոփելիս անդրադարձավ ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ իր պարտությունը չհանդուրժող ադրբեջանցի մարզիկը թիկունքից հարվածել էր իրեն։
«Հաղթանակից հետո ձեռք մեկնեցի, ստացա հարված, չեմ կարող ասել՝ ինչի համար։ Դրանից հետո մրցավարները որակազրկեցին նրան, մարզիչների միջամտությամբ իրավիճակը հարթվեց»,- ասել է Մանվելյանը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հավելեց, որ ադրբեջանցի մարզիկը թույլ էր՝ համեմատ Մանվելյանի և ներկայացրեց միջադեպի մանրամասները։
«Այդ ժամանակ մարզիչն իրավունք չունի միջամտել, քանի որ կարող է ինքն էլ խնդիրների մեջ հայտնվել։ Իր մարզիչը նրա ձեռքից բռնեց, բերեց ինձ մոտ, ասաց՝ բարևիր, և թող գնա։ Այնուհետև մարզիչներով մոտեցան և ներողություն խնդրեցին։ Դահլիճից դուրս մոտեցան իրար, ձեռք մեկնեցին, ես էլ ասացի, որ սպորտն այլ աշխարհ է, դուք մարզիկ եք, զբաղվեք Ձեր գործով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանն իր առաջին հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ է տարել։ Մինչև 55 կգ քաշային կարգում Մանվելյանը 7:1 հաշվով պարտության էր մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ադրբեջանցին պարտությունից հետո, սակայն, հակասպորտային քայլի է դիմել՝ թիկունքից հարվածելով Մանվելյանին։