Թուրքիայի հարավ-արևելքում սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ ТАСС-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Մինչ այդ հաղորդվել էր տարածաշրջանում տարերային աղետի 16 զոհերի մասին, որոնք փետրվարին արդեն տուժել էին երկրաշարժից: Ադըյաման նահանգի վարչակազմի տվյալներով՝ երկուշաբթի փրկարարները Հավթուլու գյուղի մոտակայքում գտնվող ոռոգման ջրանցքի հատակին հայտնաբերել են մեկուկես տարեկան աղջկա մարմին: Ավելի վաղ նույն վայրում հայտնաբերել էին կնոջ, ենթադրաբար աղջկա մոր դին:
Սաստիկ տեղումների պատճառով (մոտ 200 մմ մեկ քառակուսի մետրի համար) Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներում անցած շաբաթ հեղեղվել են հարյուրավոր տներ, ավերվել են կամուրջներն ու ճանապարհները: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են արտակարգ իրավիճակների դեպարտամենտի բանակային ստորաբաժանումները: