Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը մարտի 20-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը խիստ «ժամանակին» է անվանել։
«Մի կողմից մենք նկատեցինք բանակցային գործընթացի սառեցում բոլոր հարթակներում։ Ո՛չ շարժում, ո՛չ էլ ամերիկյան, եվրոպական ուղու վրա որևէ պայմանավորվածություն, որոնք նախկինում արտաքուստ արդյունավետ էին, բայց հիմնականում՝ անարդյունավետ։ Այժմ, ռուս նախարարի Բաքու կատարած այցից և նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո, տեղի է ունենում լիարժեք երկխոսության վերականգնում ռուս-հայկական ուղու վրա»,- նշել է փորձագետը։
Պրիտչինը դրական է գնահատել բանակցությունների արդյունքը, քանի որ, ըստ նրա, ասուլիսում նախարարներից պարզ է դարձել, որ «խոսակցությունը եղել է առարկայական, բաց և փոխադարձ հարգալից, և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարներն ընդհանրապես իրենց բավականին հարմարավետ են զգացել»։
Սա, ըստ փորձագետի, հուշում է, որ շատ հարցերում հնարավոր է եղել կա՛մ մոտեցնել դիրքորոշումները, կա՛մ գոնե քննարկել և հասկանալ միմյանց դիրքորոշումները։
«Առաջին հերթին, իհարկե, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը և դրա շուրջ ստեղծվող իրավիճակը»,- նշել է Պրիտչինը` հանդիպման ամենակարևոր արդյունքն անվանելով «եռակողմ ձևաչափով նախնական պայմանավորվածություն արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ»:
Նա հիշեցրել է, որ եռակողմ ձևաչափով նախարարների հանդիպումը պետք է կայանար 2022 թվականի դեկտեմբերին։ «Այժմ հասկացողություն կա, որ իրականում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ձևաչափն այլընտրանք չունի շատ առումներով, հատկապես վերջին մի քանի շաբաթների ֆոնին, որոնք կապված էին էսկալացիայի աճի, կրակոցների դեպքերի և ընդհանրապես, բանակցային գործընթացի սառեցման և կարգավորման հարցում կողմերի դիրքորոշման կոշտացման հետ»,- պարզաբանեց փորձագետը։
Պրիտչինը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակելու մասին, և, նրա կարծիքով, հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարը նշել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացման կարևորությունը։
«Սա ենթադրում է ոչ միայն Լաչինի միջանցքի բացում, այլ նաև Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացում, քանի որ նախարարը խոսել է տարածաշրջանի միջանցքների մասին, և ոչ միայն Լաչինի միջանցքի մասին։ Փորձագետը հույս հայտնեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը կկայանա բանակցողների համար հարմար պահի և կհանգեցնի եռակողմ բանակցությունների վերսկսմանը։
«Լավրովի ելույթում հետաքրքիր էր նաև այն, որ նա պատրաստակամություն հայտնեց ռուս մասնագետների մասնակցության և խորհրդատվական օգնության տրամադրման հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված խնդիրների լուծմանը։ Սա նույնպես բավականին դրական պահ է, որ հնչեց ասուլիսում»,- եզրափակեց Պրիտչինը։