Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին պատմել է, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստը՝ «վերջին առաջարկներով և փոփոխություններով», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությունը:
Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում «անհրաժեշտ» է անվանել «Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի Լաչինի ճանապարհի վերջին կետում» սահմանային անցակետի ստեղծումը։ Նա նաև նշել է, որ վերջին շաբաթներին Հայաստանը, «չարաշահելով Հայաստանում ԵՄ առաքելության դիրքը, վարում է իրավիճակի կանխամտածված սրմանն ուղղված քաղաքականություն»:
Բլինքենը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության, զանգահարել է Ալիևին, որպեսզի «օգնություն առաջարկի Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու համար»:
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին հայտարարել է առևտրային և մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի ապաշրջափակման կարևորության մասին։
«Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված հարցերի համար և ընդգծել է, որ ռազմական լուծում գոյություն չունի։ Նա վերահաստատել է առևտրային և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ Բլինքենը նաև ասել է, որ ԱՄՆ — ն հույս ունի շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի շուրջ», – ասվում է ամերիկյան գերատեսչության հաղորդագրության մեջ։