Ապրիլի 3-26-ը Հայաստանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը: Այն կներառի 7 համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։
Փառատոնի բացման համերգը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում․ ելույթ կունենա դաշնակահար և կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)՝ ներկայացնելով հեղինակային, ինչպես նաև Մայքլ Ֆիննիսսի, Լինդա Քեթլին Սմիթի ստեղծագործությունները։ Ապրիլի 4-ին, ժամը 11:00 Էգոյանը վարպետության դաս կներկայացնի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Ապրիլի 7-ին, ժամը 10:00 ՀԲԸՄ-ում կկայանա սեմինար՝ երաժշտագետ և ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես կգան Իվ Էգոյանը և «Ասոնանս» անսամբլը։
Ապրիլի 9-ին, ժամը 17:00 Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Ապրիլի 11-ին, ժամը 17:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի և երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը կներկայացնի Մանսուրյանի, Արամ Հովհաննիսյանի, Յուրի Կասպարովի, Աշոտ Զոհրաբյանի, Միշել Պետրոսյանի, Վալենտին Սիլվեստրովի գործերը։
Յուրի Կասպարովն ապրիլի 12-ին, ժամը 11:00-ից Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում վարպետության դաս կանցկացնի ուսանողների համար, ինչպես նաև կհանդիպի երաժշտասերների հետ։
Ապրիլի 14-ին, ժամը 20:00 Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ելույթ կունենա դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա)՝ ներկայացնելով Տորու Տակեմիցուի, Դյորդ Կուրթագի, Դավիթ Բալասանյանի, Ժան-Պիեր Դելյոզի, Կայա Սարիահոյի, Սերգեյ Ումրոյանի, Ապոլինի Ջեսուպրետի ստեղծագործությունները։
ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին, ժամը 19:30 ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները հանդես կգան համերգով։ Ծրագրում՝ Պասկալ Դյուսապեն, Յորգ Վիդման, Պիեր Բուլեզ, Անտոն Վեբերն, Աշոտ Ղազարյան, Արմեն Գևորգյան, Դմիտրի Պչելինցև, Լևոն Պողոսյան։
Ապրիլի 20-ին, ժամը 19:30 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Պասկալ Դյուսապենի, Յոշիհիսա Տաիրայի, Տոշիո Հոսոկավայի, Արթուր Աքշելյանի, Վոլֆգանգ Րիմի, Դյորդ Կուրթագի, Լուիս Կինթանայի, Անդրե Բուքուրեչլիևի ստեղծագործությունները։
ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին, ժամը 19:30 ելույթով հանդես կգան ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆևը և դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Խրագրում՝ Տորու Տակեմիցու, Իսանգ Յուն, Բեթ Ֆուրրեր, Կուզմա Բոդրով, Պաուլ Հինդելմիթ, Կիրիլ Արխիպով, Ալեքսեյ Ռատինսկի։
Փառատոնի փակման համերգը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: «Ասոնանս» անսամբլը կկատարի Դավիթ Գյոդակյանի, Արման Ղուշչյանի, Արսեն Բաբաջանյանի, Աշոտ Զոհրաբյանի, Վահրամ Սարգսյանի, Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։
Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց https://wylling.com/ կայքի միջոցով։