Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 3-ին, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու պաշտպանական խմբերի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։
Երկրորդ նախագահի պաշտպանները որպես միջնորդության հիմք ներկայացրել էին այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը, անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:
Քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություններ էին ներկայացրել նաև գործով մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները։
Նշենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ,և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: