Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ երեկ մարտի 23-ին և այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:
Նշվում է, որ տուժողներ չեն եղել, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
Ադրբեջանական զինվորականները մարտի 22-ին գնդակոծել են Ճարտար գյուղի բնակիչներին: Գյուղացիներն աշխատում էին սահմանի մոտ գտնվող «Կլազինի ձոր» տեղամասի խաղողի այգիներում։