Արցախի մի շարք քաղաքացիներ հայտնվել են ադրբեջանցիների կրակոցների թիրախում: Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:
«Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ են կատարել, երբ հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։ Նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում»-ընդգծել են ԱՀ ՆԳՆ-ում:
Նշվում է նաև, որ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։
«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին»-հավելել են ԱՀ ՆԳՆ-ում:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ։ Արցախի տեղեկատվական շտաբից ավելի ուշ հայտնել էին, որ խաղաղապահներն ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար բանակցություններ են վարում։
Հիշեցնենք նաև, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: