Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21226 քաղաքացի։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: