Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, մեկնում է արտերկիր և կմենամարտի այլ երկրի դրոշի ներքո։ Բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։
«Հայաստանը 13 տարի աշխարհի չեմպիոն չի ունեցել, իսկ ես դարձա աշխարհի չեմպիոն, մեկ տարվա մեջ դարձա նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ոչինչ չեն արել իմ տիտղոսների համար։ Ես մարդ եմ, և պետք չէ այդպես վարվել չեմպիոնի հետ։ Սա բռնցքամարտ է, ոչ թե պար։ Միշտ ցանկացե եմ ՀՀ դրոշը բարձրացնել, հնչեցնել ՀՀ օրհներգը, սակայն հիմա հայտարարում եմ, որ հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և կմենամարտեմ այլ երկրում։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անուն-ազգանունը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Էրիկ Իսրայելյանը նոյեմբերին Իսպանիայում դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն՝ 60 կգ քաշային կարգում։ Իսպանիայից վերադառնալուց հետո նա դժգոհել էր, որ իրեն օդանավակայանում չեն ընդունել, արժանի վերաբերմունք չեն ցուցաբերել։
Armenia Today-ը կապ էր հաստատել մարզիկի հետ՝ պարզելու նրա դժգոհության պատճառները։ «Բոլոր մարզիկներին օդանավակայանում դիմավորում են, ինձ` ոչ, մինչ այսօր ո’չ բռնցքամարտի ֆեդերացիայից, ո’չ այլ կառույցից զանգ չեմ ստացել: Ես ամեն բան արել եմ իմ հայ ժողովրդի համար, նրանց ուրախացնելու համար»,- ասել էր Իսրայելյանը:
Armenia Today-ը կապ էր հաստատել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ: Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանն ընդգծել էր, որ և’ ինքը, և’ ֆեդերացիայի ներկայացուցիչները եղել են օդանավակայանում: «Էրիկին, նրա անձնական մարզչին դիմավորել ենք դափնիներով, ֆեդերացիայի էջը չեմպիոն դառնալուց հետո շնորհավորել է նրան: Ինքը պատճառաբանում է, որ ֆեդերացիայի նախագահը ներկա չի եղել, որովհետև Հայաստանում չէր: Բայց մենք շատ չեմպիոններ ենք ունեցել, որոնց ֆեդերացիայի նախագահը Հայաստանում չլինելու պատճառով չի դիմավորել»,- մանրամասնել էր խոսնակը:
Դեռ այդ ժամանակ Էրիկ Իսրայելյանը հայտարարել էր, որ եթե իրավիճակ չփոխվի, գործնական քայլեր կձեռնարկի և կմտածի այլ երկրի դրոշի ներքո մենամարտելու մասին։
Ի դեպ, Էրիկ Իսրայելյանին ընդունել էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Նա հայտնել էր, որ 2022 թվականի արդյունքներով՝ Իսրայելյանին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլն 600 հազար դրամ: Արդեն 2023 թվականից բռնցքամարտիկի ամսական սպորտային նպաստի չափը կկազմի 200, իսկ անվանական թոշակի չափը՝ 240 հազար դրամ: