Ռուսաստանի տնտեսությունը, հաշվի առնելով պատժամիջոցների շարունակականությունը, ապագայում էլ հիմնված է լինելու ասիական պետությունների հետ առևտրի վրա, որի համար պետք է համապատասխան ենթակառուցվածքներ հիմնի և գործարկի: Այդ ուղղությամբ նա այժմ ակտիվ աշխատանքներ է փորձում իրականացնել: Armenia Today-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նշեց, որ մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը Ռուսաստանը բավականին լուրջ ենթակառուցվածքներ էր կառուցում դեպի Եվրոպա՝ Հյուսիսային հոսքը, տարբեր երկաթգծեր, որոնք կային Խորհրդային միությունից հետո: Այժմ սակայն շուկայի փոփոխության համար մի շարք գործոններ են հաշվի առնվում ըստ Պարսյանի:
«Առաջինը՝ ճանապարհը հնարավորինս կարճ լինի, երկրորդը՝ անվտանգ, երրորդը՝ իրատեսական լինի, չլինեն քաղաքական խնդիրներ»,- ասաց նա: Տնտեսագետը պարզաբանեց, որ թեև Հայաստանով ճանապարհն անցկացնելը ՌԴ-ի համար նույնպես հետաքրքիր է, սակայն ճանապարհը Ռուսաստանից եկող բեռների համար ավելի կարճ է Ադրբեջանով: Նրա խոսքով՝ կարևոր է նաև ռելիեֆը. Հայաստանը լեռնային է, իսկ Ադրբեջանով անցնող ճանապարհահատվածը դաշտավայրային է:
Քաղաքական տեսանկյունից էլ Հայաստանով անցնող ճանապարհը պետք է անցնի նաև Վրաստանով, որի հետ ՌԴ ունի կոնֆլիկտ, որը չլուծելու դեպքում երկարաժամկետ շահագործման ենթակառուցվածքներ հնարավոր չէ դիտարկել, ինչը ևս Հայաստանի ուղղությունը դարձնում է քիչ հրապուրիչ: Հայաստանով անցնող ճանապարհն այսպիսով ավելի ծախսատար և ռիսկային է բեռնափոխադրման համար, քանի որ անցնելու է Վրաստանով Հայաստան, ապա Իրան ու Ասիական երկրներ: Իսկ Ադրբեջանով անցնող ճանապարհը ավելի նպատակահարմար է, քանի որ արդեն իսկ կառուցվում է «Աստանա-Ռաշտ»-ը, որը Իրանի ու Ադրբեջանի երկաթգիծը կկապի իրար, այսպիսով ռուսական բեռները երկաթգծով կհասնեն Ադրբեջան, ապա Իրան ու Ասիական երկրներ:
Սուրեն Պարսյանը նաև նշեց, որ Ռուսաստանը որոշակի քաղաքական խնդիր է լուծում Ադրբեջանը տարանցման համար օգտագործելով:
«Ռուսական կողմն իր այս նախագծերով փորձում է նաև Ադրբեջանին պահել իր կողքին: Այնուամենայնիվ նա հասկանում է, որ երկարաժամկետ դժվար է լինելու Ադրբեջանին պահել իր կողքին: Հետևաբար Իրանի հետ կարող է այլ քայլի դիմել, մասնավորպես՝ Ադրբեջանը բաժանել իրենց ազդեցության գոտիների: Այսինքն, եթե Ադրբեջանը չխաղա ՌԴ շահերի դաշտում և Արևմտյան ազդեցության տակ խոչընդոտի ենթակառուցվածքներին, ապա ՌԴ-ն ու Իրանը Ադրբեջանը ուղղակի կբաժանեն մասերի»,- ասաց տնտեսագետը:
Նա նշեց, որ առայժմ փորձում են փափուկ ուժի կիրառմամբ ստանալ այդ ենթակառուցվածքները և «քաղցր» հանդիպումներ են ունենում, սակայն եթե չստացվի, ապա հարցը կարող են ռազմական ճանապարհով լուծել: Թեև ըստ Պարսյանի՝ Ադրբեջանը լավ է հասկանում սա ու չի գնալու էական առճակատման:
Ինչ վերաբերում է Սև ծով-Պարսից Ծոց առևտրային ճանապարհին, որը Հնդկասանը դիտարկում է Հայաստանով անցկացնելուն, ապա տնտեսագետի խոսոքով նույնպես տարբերակ է, որը կարող է կյանքի կոչվել: Սակայն դրա գործարկումն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում այն իմաստով, որ այժմ դիտարկվում է ցանկացած այլընտրանքային ճանապարհ, նաև Ադրբեջանին ցույց տալու համար, որ այդպիսի երթուղիներ կարող են նաև լինել ՀՀ տարածքով: Այլ կերպ ասած՝ մեծ երկրների խաղն է փոքր երկրներին մշտապես ազդեցության գոտում պահելու համար:
Ինչ վերաբերվում է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վրա առևտրային երթուղու ազդեցությանը, ապա Պարսյանի խոսքով՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի առկայության դեպքում անիմաստ է դառնում ՀՀ մտցնել բեռները:
«Հայաստանը կարող է լավ հնարավորություն ունենալ միայն, եթե բացվի Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծը: Դա թույլ կտա օրինակ բեռնափոխադրում իրականացնել Իրանից Հայաստան, Հայաստանից Փոթի և Եվրոպա արտահանման ճանապարհով: Այսինքն՝ երկաթգիծ, այնուհետև նավ»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ ՀՀ մրցակցային առավելությունը կլինի միայն այս ճանապարհի գործարկման դեպքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ից դեպի Պարսից ծոց նոր երթուղին շատ խոստումնալից է համարում, քանի որ այն պահանջված է լինելու՝ անկախ հատուկ ռազմական գործողությունից: Երկրի ղեկավարը հայրենի գործարարներին խորհուրդ է տվել մտածել այս նախագծում ներդրումներ կատարելու մասին։ «Ռուսական երկաթուղիներ»-ն էլ ակնկալում է, որ այս տարվա ընթացքում կստորագրվեն Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրեր երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ։
Արաքսյա Սնխչյան