Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը:
Արցախի ՆԳՆ-ից միևնույն ժամանակ հայտնում են, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
«Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են»,- հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
«Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից»,- հավելել են ՆԳՆ-ում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Լարվածության նոր փուլ արցախա-ադրբեջանական սահմանին սկսվեց մարտի 25-ին, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Արցախի Շուշի-Լիսագոր հատվածում և իրականացրեց «որոշակի դիրքային առաջխաղացում»։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները գրավել են բարձունքը և բանակցում են ադրբեջանցի զինվորականների հետ՝ վերադառնալու իրենց սկզբնական դիրքերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մասին, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները Բաքվից պահանջել են հետ քաշել ուժերը նախկինում զբաղեցրած դիրքեր։
Ավելի ուշ ԱՀ ՊՆ-ն հայտարարեց, որ դիրքային առաջխաղացման փորձը կասեցվել է: