Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջև, սակայն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
«Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում»,- գրել է թերթը:
Ըստ թերթի հայտնած տեղեկությունների՝ երեկ՝ մարտի 31-ին, անգամ ձեռնամարտ է եղել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, եւ ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։
«Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում»,- հայտնել է թերթը։