Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, հայտնում է նվագախմբի մամուլի ծառայությունը։
Համերգը կսկսվի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին։ Միջոցառման մասնակիցներն ու կազմակերպիչները «Ռեքվիեմով» կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Համերգին կմասնակցեն «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգը կանցկացվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Տոմսերի արժեքը 5000-15000 դրամ է։