Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի տարեդարձին, տեղեկանում ենք Հակոբյանի Facebook-յան էջից։
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում նշվել է 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձը։
Ըստ վարչապետի տիկնոջ գրառման՝ Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին:
«Դավիթի մոր` Սոնա Շահնազարյանի խոսքով, ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերդարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար: Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել:
Տիկին Սոնան հիշում է, Դավիթի հրապարակած` «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է»,-նշվում է հրապարակման մեջ։
Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ-որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:
«Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրենց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա»,-նշվում է գրառման մեջ։