Պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ։ Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով փոխել բարեգործության հանդեպ մոտեցումը։
«Ի վերջո Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է գնել աթոռ, հեռուստացույց և այլն, եթե հարցը աթոռն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, կան ընկերություններ կամ անհատներո, որոնք ուզում են ներգրավված լինել բարեգործության մեջ։
«Այստեղ մենք պետք է բովանդակային հետևյալ փոփոխությունն անենք․ բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ հատուկ հաշվեհամար կբացվի և բարեգործություն անել ցանկացողները նույնիսկ հասցեական կարող են օգնություն ցուցաբերել։
Վարչապետի խոսքով՝ նրանք չեն կարող գնահատել այն գումարը, որը կծախսվի օրինակ որևէ դպրոցի գույքի համար, բայց կարող են որոշակի գումար փոխանցել՝ նշելով, որ կոնկրետ այդ գույքին է ուղղում գումարը։
«Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բարեգործական միջոցառումների շուրջ տասնյակ ռեպորտաժներ են նկարվում։ Փաշինյանը զգուշացրեց, որ այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն։