Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում Իրանի դեսպանին վճռական դժգոհություն է հայտնվել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ իր երկրի կողմից դրսևորվող սադրիչ գործունեության վերաբերյալ:
Հաղրոդվում է, որ Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և այդ անձինք պետք է լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն մարտի 11-ին հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի հետ կապված միջադեպի մասին: Բաքվում Իրանի դեսպան Մուսավին մարտի 11-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան համապատասխան բողոքի նոտա է հանձնվել: Ադրբեջանում հայտարարել են նաև «իրանական լրտեսական ցանցի» հայտնաբերման և 32 մարդու ձերբակալման մասին։