ԱՄՆ-ը հայտարարել է Հայաստանի մասնակցությամբ «Պաշտպան-23» (Defender 23) զորավարժությունների մասին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին, հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի մոտ 9000 զինծառայող և 26 դաշնակից և գործընկեր երկրներից շուրջ 17000 զինծառայող կմասնակցեն, իսկ զորավարժությունների մի մասը տեղի կունենա եվրոպական 10 տարբեր երկրներում:
«Դրանք ամենամյա, գրեթե երկամսյա զորավարժություններ են, որոնք կենտրոնացած են ԱՄՆ – ում տեղակայված ուժերի ռազմավարական տեղակայման, նախապես ստեղծված պաշարների օգտագործման և եվրոպական դաշնակիցների ու գործընկերների հետ օպերատիվ համատեղելիության հարցերի վրա» – նշել է Սինգհը:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ այս շաբաթ ԱՄՆ-ից զորավարժությունների համար մոտ 7000 միավոր սարքավորում է առաքվել Իսպանիա:
«Պաշտպան-23» զորավարժությունն անցկացվում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության ղեկավարությամբ և նախատեսված էր դեռ 2021 թվականին: Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է գործի դնել շուրջ 13 հազար միավոր սարքավորում:
Զորավարժություններին կմասնակցեն Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Կոսովոյի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականները: