Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շարունակում է մնալ երկու երկրների միջև փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում մեր համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում»,- պարզաբանել է դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կարևոր գործոն են տարածաշրջանային անվտանգության ապահովման համար։ «Ցավոք, ժամանակ առ ժամանակ նրանց (խաղաղապահների՝ խմբ․) հասցեին հնչում են քննադատական արտահայտություններ, սակայն դա չի ժխտում այն փաստը, որ սա առանցքային գործոն է Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության և ապրուստի ապահովման համար»,- ընդգծել է Կոպիրկինը։
«Նույնիսկ հիմա, երբ միջանցքը փակ է, խաղաղապահները շատ կարևոր դեր են խաղում հումանիտար ճգնաժամը կանխելու, այնտեղ կենսական ապահովման պարագաների և սննդի առաքման հարցում օժանդակելու հարցում։ Դուք կարող եք որոշ պահանջներ ներկայացնել Ռուսաստանի դեմ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ, բայց այն, որ ռուսական ներկայությունը եղել և մնում է անվտանգության և իրավիճակի սրումը կանխելու շատ կարևոր գործոն, սա, իմ կարծիքով, որևէ ապացույց չի պահանջում»,- եզրափակել է դեսպանը։
Նա մեկնաբանել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը՝ նշելով, որ «սա զգայուն և ոչ հրապարակային ոլորտ է», Կոպիրկինն ընդգծել է, որ այն ավանդաբար եղել և մնում է Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների կարևոր մաս։ «Աշխատում են համապատասխան մեխանիզմներ, որոնք ապահովում են փոխգործակցությունն այս ոլորտում»,- ասել է դիվանագետը։
Պատասխանելով առաջիկայում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորության մասին հարցին՝ Կոպիրկինն ասել է․ «Սա բավականին առօրյա գործընթաց է, որը տեղի է ունենում տարբեր մակարդակներում և, որքան գիտեմ, հայկական ստորաբաժանումներն ու մասնագետները պարբերաբար մասնակցում են նման միջոցառումների։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ իրավիճակը սպեցիֆիկ է՝ հանրապետությունում կա մեր ռազմաբազան, գործում է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորում և, բնականաբար, դա ենթադրում է համատեղ միջոցառումներ, վարժանքներ՝ բավականին կանոնավոր հիմունքներով»։
«Ավելացնեմ, որ երբ մենք խոսում ենք ռազմատեխնիկական համագործակցության, համատեղ զորավարժությունների մասին, դա դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոն և որպես տարածաշրջանում անվտանգության պահպանման և ամրապնդման մեր ընդհանուր ջանքերի անբաժանելի մաս՝ պայմաններ ստեղծելու առկա խնդիրների և հակասությունների քաղաքական կարգավորման համար»,- ընդգծել է ՌԴ դեսպանը։
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի Armenia Today կայքում ուրբաթ՝ ապրիլի 7-ին, ժամը 22:00-ին։