Խծաբերդում գերի ընկած հայ զինվորների հարազատները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը, գրում է «Առավոտ» օրաթերթը։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
«Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, Արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունենք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան է երևում, այլևս սպասելու տեղ չունենք»,- ասել են բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։
Ցուցարարները նշել են, որ չեն բացելու ճանապարհը, քանի դեռ կոնկրետ տեղեկություն չունենան իրենց որդիների ու հարազատների վերադարձի մասին։
Շիրակի մարզի հայ զինվորականները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։